вторник, 26 апреля 2016 г.

Արամազդ

Արամազդը հայկական դիցարանի գերագույն աստվածն է` երկնքի և երկրի ստեղծողը, աստվածների ու դիցուհիների հայրը, պտղաբերության հովանավորը:
 
Արամազդին մեծարել են Արի, Իմաստուն, Մեծն, Հզոր և Ամենազոր տիտղոսներով: Արամազդի պաշտամունքը Հայաստան է թափանցել Իրանից՝ հավանաբար մ. թ. ա. VI–V դարերում: Նրան նվիրված տաճարներ են կառուցվել Բարձր Հայքի Դարանաղյաց գավառի Անի ամրոցում, Վասպուրականի Անձևացյաց գավառի Պաղատ լեռան վրա՝ «Տունն Արամազդա և Աստղկան» անունով: Նրան նվիրված տոնը կատարել են Ամանորին՝ Նավասարդին (օգոստոս). այդ օրը տեղի էին ունենում նավասարդյան խաղեր ու մրցումներ: Արամազդին զոհաբերել են սպիտակ կենդանիներ (ցուլ, նոխազ, ձի, ջորի): Արամազդի անունով է կոչվել հայկական հեթանոսական տոմարի (Բուն Հայկյան թվական) ամիսների 15-րդ օրը: 
Հայաստանում հելլենիզմի տարածման շրջանում (մ. թ. ա. III – մ. թ. I դարեր) Արամազդին փոխարինել է հունական Դիոս-Զևսը: Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո Արամազդի մեհյաններն ու արձաններն ավերել են:
Հայոց դիցարանի աստվածներն Արամազդի զավակներն են:
Արամազդը համապատասխանում է պարսկական Ահուրամազդային, հունական Զևսին, հնդկական Ինդրային, հռոմեական Յուպիտերին: 

Комментариев нет:

Отправить комментарий