вторник, 19 апреля 2016 г.

Պապը

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:
 Հարցեր և առաջադրանքներ՝
  1. Ինչպե՞ս ես հասկանում՝
 Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
2. Կարդա՛ բանաստեղծության վերջին քառատողը և բացատրի՛ր:
3. Բնութագրիր պապին:
4. Փորձիր նկարագրել պապին:
5. Նկարագրիր գյուղի կյանքն ու գյուղացուն ըստ այս բանաստեղծության:
6. Գրիր երկխոսություն քո և քո պապի միջև:

Комментариев нет:

Отправить комментарий