понедельник, 23 ноября 2015 г.

Առասպել Նավասարդի մասին

094
Հին հայերի պատկերացմամբ` իրենց աստվածներն ու աստվածուհիներն այդ օրերին Եփրատ և Արածանի գետերում լողանալուց հետո բարձրացել են ձնապատ լեռների կատարները և դիտել այդ խրախճալի տոնահանդեսները, հովանավորել ուխտավորներին: Նավասարդ տոնի հիմնադիրներից մեկը եղել է նահապետ Հայկը: Մի օր առավոտյան Հայկը, զինված կայծաեթուրով, կանգնում է հավերժ քաղաք Երևանի հրապարակում ու դիմում ժողովրդին.
— Հե՜յ, արիացիներ, աժդահա Բելը գալիս է իր զորքով, որ տիրանա մեզ: Ովքե՞ր կարող են իմ հետ միասին մեր հաղթանակի հաջողությունը կիսել:
Եվ գյուղացին թողեց իր դաշտը, քարտաշը թողեց իր մուրճը, դարբենը՝ իր արհեստանոցը: Հայկ նահապետը՝ հայերի անվանադին նախնին ընդիմացավ գոռոզ ու անճոռնի բռնակալին՝ Բելին, և իր զարմով հաստատվեց կանաչազարդ մի հարթության վրա: Հատկապես հրաշալի էր Գեղեցկության լիճը, որտեղ գոնե մեկ անգամ լողացել էին Հայկի որդիներն ու թոռները, բացի Տորքից, որն այդպես էլ տգեղ մնաց: Ասում են՝ Հայկ նահապետի ավագ դուստրը, որի անունը Նավասարդ էր, մեկ անգամ չէ, որ լողացել է դժվարամատչելի բարձունքում գտնվող Գեղեցկության լճի ջրում: Եվ այդ էր պատճառը, որ նա չնաշխարհիկ գեղեցկությամբ էր օժտված:
Նավասարդը հին հայոց տոմարի առաջին ամիսն էր, որ հաջորդել է տարվա վերջին` «Ավելյաց» կոչվող տոնական հինգ օրերին: Նավասարդի առաջին օրերին կատարվել են Համաշխարհային բազմամարդ տոնահանդեսներ: Ուխտավորները` ժողովուրդը, զորքը, արքունիքը, նախարարական գնդերը, քրմերը հանդիսավոր երթերով խմբվել են Տարոն և Բագրևանդ գավառների սահմանագլխին, սրբազան Արածանի գետի և Նպատ լեռան շուրջ` Բագավանի տաճարում` տոնելու Արամազդ աստվածահոր, Անահիտ դիցամոր և «Ամանորյա ամենաբեր դիցերի» նվիրական հիշատակը: Տոնահանդեսներն ուղեկցվել են զոհաբերություններով, փոխադարձ նվիրատվություններով, խրախճանքներով, երաժշտությամբ, պարերով, թատերախաղերով, ռազմախաղերով, զանազան մրցություններով, որսորդական զվարճություններով, գուշակություններով:
Երբ Բելը իր զորքով մոտեցավ քաղաքին, նրա ականջին հասան երաժշտության ձայներն ու թմբուկների հարվածների արձագանքները:
— Սա ի՞նչ բան է, — խիստ զարմացած հարցրեց նա իր մարդկանց:
— Այդ հայերը Նոր տարի են տոնում, — պատասխանեցին նրան:
«Եթե այս խելագառ ժողովուրդը չի վախենում իմ ահավոր զորքից, ուրեմն սրանց հետ չարժե պատերազմել»: Բելը շուռ տվեց ձին ու հեռազավ Հայք երկրից:

Комментариев нет:

Отправить комментарий