Երբ առօրյայում օգտագործում ենք տաք, սառը բառերը, նախևառաջ նկատի ենք ունենում մեզ շրջապատող առարկաների, օդի. ջրի .տաք կամ սառը լինելու մեր զգացողությունը: Մեզ շրջապատող առարկաների, օդի, ջրի տաքության կամ սառնության չափը որոշվում է ջերմաչափով : Իսկ ի՞նչ է ջերմաչափը:
Ջերմաչափը բաղկացած է իրար մեջ տեղադրված երկու ապակե բարակ խողովակներից: Դրսի խողովակի ներքևի լայն մասը լցված է սնդիկով կամ գունավոր (հիմնականում կարմիր) սպիրտով, որի մեջ է գտնվում երկրորդ՝ բարակ խողովակի ծայրը:
Այժմ տեսնենք, թե ինչպես է չափվում օդի ջերմաստիճանը: Եթե օդը տաքանում է, ապա սնդիկը կամ սպիրտը նույնպես տաքանում են, ընդարձակվում և բարակ խողովակով վեր բարձրանում: Իսկ երբ օդը պաղում է, սնդիկի սյունը իջնում է ներքև: Ջերմաչափի արտաքին խողովակի ներսում տեղադրված սպիտակ թիթեղի վրա թվանշաններ և փոքրիկ գծիկներ կան:
Դրանք ցույց են տալիս ջերմաստիճանը և կոչվում են աստիճաններ: 0 (զրո) աստիճանից վերև գրված թվերը ցույց են տալիս դրական ջերմաստիճանը, իսկ Օ-ից ցած գրված թվերը համապատասխանում ենբացասական ջերմաստիճանին: Աստիճան բառի փոխարեն ջերմաչափի սանդղակի վերին աջ անկյունում նշված է փոքրիկ օղակ (°), որը աստիճանի նշանն է: Օղակի կողքին նշվում է С (Ց) տառը, որը Ցելսիուս գիտնականի ազգանվան առաջին տառն է Օրինակ՝ 5″ С, կարդում ենք՝ հինգ աստիճան ըստ Ցելսիուսի: Հիշիր, որ երբեմն ջերմաստիճանի գրառումներում С տառը չի գրվում:
Երբ սնդիկի կամ սպիրտի սյունը բարձր է Օ-ից և գտնվում է, օրինակ, 15 նիշի դիմաց, ապա կարդում ենք 15° С (+15° С): Իսկ եթե ցածր է Օ-ից, ցույց է տալիս բացասական ջերմաստիճան, օրինակ’ -8-ի դեպքում, ապա կարդում ենք՝ մինուս 8° С:
Բացի օդի ջերմաստիճանը չափող ջերմաչափերից, մեզ ծանոթ է բժշկական ջերմաչափը, որով չափեւմ ենք մարմնի ջերմաստիճանը, երբ հիվանդ ենք լինում: Կան նաև ջրի, հողի, տարբեր սարքերի ջերմաստիճանը գրանցող ջերմաչափեր:
Ինչպե՞ս և ինչո՞ւ է առաջանում քամին: Երկրի մակերևույթի տարբեր տեղամասեր տարբեր չափով են Արեգակից ջերմություն ստանում: Այդ ջերմության շնորհիվ օդը տաքանում է, ընդարձակվում, թեթևանում և բարձրանում է վեր, իսկ նրա տեղը անմիջապես զբաղեցնում է համեմատաբար սառը օդը: Սովորաբար դեպի Երկրի մակերևույթի այն տեղամասը, որտեղից օդը շատ տաքացել ու վեր է բարձրացել, սկսում է տեղափոխվել հարևան տեղամասի համեմատաբար սառը օդը, և առաջանում է քամի:
Այսպիսով՝ երկրի մակերևույթով օդի հորիզոնական տեղաշարժը կոչվում է քամի:
Շատ ուժեղ քամիները անվանում են փոթորիկներ: Երբեմն փոթորիկներ են լինում նաև Հայաստանում: Փոթորկի ժամանակ ծառեր են կոտրվում, տանիքներ են պոկվում, շրջվում են էլեկտրահաղորդման սյուները և այլն :
Քամին մարդկանց նաև օգուտ է տալիս: Քամու ուժով շարժվում են առագաստանավերը: Քամին աշխատեցնում է հողմաղացը, և հացահատիկից ալյուր են ստանում : Քամու ուժով հողմակայաններում էլեկտրական էներգիա են ստանում։
Комментариев нет:
Отправить комментарий