понедельник, 2 мая 2016 г.

Հրանտ Մաթևոսյա








Շատերը գուցե պնդեն, թե ճանաչել են Հրանտ Մաթևոսյան մարդուն, բայց համոզված եմ՝ ճանաչել են այնքան, ինչքան միայն աչքը կարող է տեսնել կամ ականջը՝ լսել: Ինչպես բոլոր մեծերը, երեխայի նման անպաշտպան էր կյանքի խարդավանքների հանդեպ: Շիտակ էր, ծայրեծայր լիքը սիրով: Ամբողջովին սեր էր: Ամբողջովին՝ բարություն: Ինչպե՜ս էր սիրում կյանքը, մարդուն, աշխարհը և հատկապես աշխարհի իր փոքրիկ անկյունը՝ Լոռին: Ինչպե՜ս էր սիրում բառը, բառերի ներդաշնակ խաղը: Բառի պաշտամունք ուներ: Սովորական գրություն գրելիս անգամ ուշադրությամբ, երկյուղածությամբ, տառապանքով ընտրում էր յուրաքանչյուր բառը, բառի տեղը, շեշտադրությունը: Յուրաքանչյուր բառը պիտի հնչեր սեփական ձայնով: Վախենում էր մեռած բառերից: Վերջին տարիներին ժուռնալիստի աշխատանքը մի երևույթ բացահայտեց ինձ համար: Մարդիկ կան՝ խոսում են սահուն, հաճելի, բայց երբ այդ խոսքը դարձնում ես գրավոր, տակը ոչինչ չի մնում, որովհետև ասելիք չկա, չկա երկյուղածություն բառի նկատմամբ: Ամբողջը ծեծված մտքերի ու ավելորդ բառերի անհարկի կրկնություն է: Հրանտ Մաթևոսյանի խոսքն ուրիշ էր՝ երբ գրավոր էիր դարձնում, պարզվում էր՝ ոչ մի ավելորդ բառ չի ասված: Ոչ կարող ես պակասեցնել, ոչ ավելացնել:
Շռայլ էր: Շռայլորեն տալիս էր ամեն ինչ՝ հոգու ջերմությունը, էներգիան, կյանքի թանկարժեք ժամանակը, գրպանի դրամը: Ցուրտ ու դժվար տարիներին նրան դիմողը երբեք ձեռնունայն չէր հեռանում: Տալիս էր անգամ նրանց, ովքեր ստանալուց հետո չէին հապաղում չարախոսել: 
Համեստ էր ու խոնարհ զարմանալու աստիճանի, ինչը հատուկ է մեծերին, ինչպես մեծամտությունը՝ ապաշնորհներին: Հիմա, երբ չկա, նոր կզգանք իր կարիքը, կտեսնենք բաց մնացած իր տեղը: Իր խոսքը, իր ասելիքն անմիջական էր՝ իր գյուղի, իր դրկիցի, իր ազգի մասին, առանց ավելորդ ջղաձգությունների, առանց ծռմռվելու, առանց օտարամեծարության: Նա բավարարված և հպարտ էր իր նախնիներից ստացած ժառանգությամբ և իրեն տրվածով ելավ համաշխարհային ասպարեզ ու մի աստիճան վեր բարձրացրեց պապերից և նախապապերից ժառանգածը: Մինչև վերջին բջիջը հայ էր, լոռեցի, միևնույն ժամանակ՝ լիարյուն աշխարհաքաղաքացի: Նա համամարդկային երթին միանալու համար երբեք չփոխեց տարազը, մտավ այնպես, ինչպես կար՝ հայ, լոռեցի, ահնիձորցի Իգնատի զավակ: Եվ աշխարհը ճանաչեց ու ընդունեց հենց այդպիսին:







Комментариев нет:

Отправить комментарий