вторник, 10 ноября 2015 г.

Անդաստան

Դանիել
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա:
Դանիել Վարուժան 

Комментариев нет:

Отправить комментарий